Получи случайную криптовалюту за регистрацию!

«Արդար Հայաստան». Խորհրդարանական ընդդիմության «Ջրբաժանի» և հայ | Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան». Խորհրդարանական ընդդիմության «Ջրբաժանի» և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին
----------------------------------------

Հարգելի՛ հայրենակիցներ
Նկատի ունենալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի բարդությունը և անընդունելի համարելով խորհրդարանական ընդդիմության կողմից քաղաքական ուժերի միջև «Ջրբաժան» ստեղծելու որևէ դրսևորում, միաժամանակ կարևորելով քննարկվող հարցերը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն արձանագրում է.

1. Այլևս երբեք չպետք է թույլ տալ որևէ քաղաքական ուժի, խմբակի կամ անհատի շահարկել Արցախի հարցը և այն դարձնել պատրվակ՝ Հայաստանում իշխանությունը զավթելու համար։

2. ժողովուրդն ընտրությունների միջոցով պետք է որոշի, թե՞ որ քաղաքական ուժը պետք է ստանձնի հաջորդ իշխանությունը։
3. Հայաստանը մշտապես աջակցել և պետք է աջակցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

4. Մենք իսկապես չենք պատկերացնում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, բայց դա չի նշանակում, որ այդ սպառնալիքը գոյություն չունի: Զուտ հայտարարությամբ այդ փաստի ամրագրումը չի նվազեցնում այդ սպառնալիքը, հետևաբար՝ քաղաքական ուժերի խնդիրը ոչ թե հայտարարելն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ ցույց տալ այն մեխանիզմներն ու միջոցները, որոնց գործադրման միջոցով Արցախն իսկապես չի լինի Ադրբեջանի կազմում:

5. Թե՛ գործող իշխանությունները, և թե՛ խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտակցում են, որ հանդիսանում են ստեղծված կրիտիկական իրավիճակի, արցախյան աղետի հիմնադիրներն ու ընթացքն ապահովողները, ուստի համապարտ պատասխանատվություն են կրում՝ մեկը Արցախի ողբերգության մեկնարկը տալու, մյուսն ավարտին հասցնելու համար:

6. Որպեսզի դուրս գանք այս ծանր իրավիճակից, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ որպես խորհրդարանական քաղաքական ուժերի առաջնորդներ, իսկ մնացած բոլոր քաղաքական ուժերը՝ որպես քաղաքական գործընթացի մասնակից, պարտավոր են տալ հետևյալ հարցերի պատասխանները.
-Ո՞րն է եղել Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու իրական առիթն ու պատճառը:
-Արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ուներ առանց տարածքներ զիջելու կանխել Ադրբեջանի կողմից երբևէ սանձազերծված որևէ պատերազմ։
-Արդյո՞ք 2016թ. և 2020թթ. պատերազմների միջև առկա է որևէ փոխկապակցվածություն, կամ արդյո՞ք երկու պատերազմների սանձազերծման պատճառները նույնն են, թե՞ ոչ։
-Անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական վարչակազմ կգործեր Հայաստանում, արդյո՞ք Հայաստանը կարող էր առնվազն չպարտվել 2020թ. աղետալի պատերազմում, եթե Ադրբեջանին բացահայտ կերպով աջակցում էին Թուրքիան, Պակիստանը և այլ պետություններ, իսկ Հայաստանը մնացել էր միայնակ։
-Հօգուտ Ադրբեջանի խախտված ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում, Հայաստանը որքա՞ն ժամանակ կարող էր դիմադրել Ադրբեջանին, այնուհետև անցներ հակահարձակման՝ վերականգնելով 1994թ. զինադադարով հաստատված սահմանագիծը: Իսկ հնարավոր վերականգնելուց հետո արդյո՞ք Արցախի հարցը կլուծվեր՝ հօգուտ մեզ, թե՞ ոչ:
-1994թ. հաստատված ստատուս քվոն արդյո՞ք շահեկան էր Արցախի ու Հայաստանի համար, մանավանդ այն պայմաններում, երբ աշխարհում խաղի կանոնները փոխվել էին՝ դերակատարների ազդեցության փոփոխմանը զուգահեռ:
-Արդյո՞ք Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարո՞ղ էին թույլ չտալ պատերազմի բռնկում, եթե այո, ապա ինչու՞ թույլ տվեցին։
-Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նշված ձևաչափով և առկա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում այսօր ունակ են լուծել Արցախի հակամարտությունը, թե՞ ոչ։
-Արդյո՞ք Ռուսաստանն իրականում ցանկանում է լուծել Արցախի հակամարտությունը, եթե այո, ապա՝ ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։
-Եթե պաշտոնական Արցախը հայտարարում է, որ ներկա հանգրվանում անհնարին է համարում Հայաստանի հետ միավորվելն ու անկախության ճանաչումը, միաժամանակ հնարավոր է համարում ուղղահայաց հարաբերություններ Ռուսաստանի հետ, ապա այս առումով ի՞նչ ասելիք կամ անելիք ունի Հայաստանը:
-Ադրբեջանն իսկապե՞ս ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, թե՞ ժամանակ է ձգում, կամ, այլ կերպ ասած, իրականում ի՞նչ է Ադրբեջանի ուզածը:
-Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որտե՞ղ են համադրվում ու հակադրվում Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերը: Իսկ այդ շահերի համադրման կամ հակադրման ընթացքում ի՞նչ հավանական ռիսկեր ու վտանգներ կան Հայաստանի կամ Արցախի համար: